Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը բնութագրվում է հին, չլուծված հակասությունների համադրմամբ աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների հետ։

Ըստ նրա՝ դրան մեծապես նպաստում են արևմտյան երկրների փորձերը՝ ամրապնդելու իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այս հայտարարությունը հնչել է ճեպազրույցի ընթացքում, որտեղ Սերդյուկովը նաև անդրադարձել է Կենտրոնական Ասիայի անվտանգության հարցերին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության վրա բացասական ազդեցություն են թողնում Աֆղանստանում գործող միջազգային ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումները։ Սա, նրա խոսքով, իրական սպառնալիք է ստեղծում սահմանակից տարածքներ ահաբեկչության արտահանման համար։

Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակը, Սերդյուկովի հայտարարությամբ, պահպանում է լարված և անկանխատեսելի բնույթը։ Նա նշել է, որ միջազգային հարաբերությունների շարունակական դեգրադացիայի պայմաններում կոնֆլիկտային ներուժը միայն կմեծանա։

Այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը, քանի որ այն չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Փաշինյանը նաև հստակ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։