Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997 թվականի օգոստոսի 29-ի պայմանագրի հիման վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ։
Ըստ դեսպանի՝ այդ համագործակցության հիմքում ընկած է ոչ միայն աշխարհաքաղաքական հաշվարկը, այլև մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը, երկու երկրների պատմական ընդհանրությունը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի անմար հիշողությունը։
Գուրգեն Արսենյանը նշել է, որ վերջին տարիներին հայկական բանակը կատարել է մի շարք կարևոր նվաճումներ։ Դրանցից են զինված ուժերի հիմնարար նոր, բարձրորակ զենքերով հագեցումը, զինծառայողների կամավոր ատեստավորման ծրագրերի հաջող իրականացումը, սերժանտական համակարգի ներդրումը, պարտադիր զինվորական ծառայության տևողության կրճատումը և զինված ուժերի թվայնացումը։
Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մելիքսեթյանը և ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Շևցովը։
Միջոցառմանը ներկայացել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ և այլ հարգարժան հյուրեր։