Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպանության գտնվելու վայրի վերաբերյալ։ Ըստ որոշման՝ Ժնևում գործող ՀՀ դեսպանությունը տեղափոխվելու է Շվեյցարիայի մայրաքաղաք՝ Բեռն։
Այս քայլը կատարվում է այն հիմնավորմամբ, որ Ժնևի և Բեռնի միջև եղած աշխարհագրական հեռավորությունը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ օրակարգերի առանձնահատկությունները պահանջում են դիվանագիտական ներկայացուցչության տեղափոխում։
Հարկ է նշել, որ Շվեյցարիայի մայրաքաղաքում արդեն իսկ հավատարմագրված է շուրջ հարյուր դեսպանություն, որոնց շարքում են Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի դեսպանությունները։
ՀՀ կառավարության հիմնավորման համաձայն՝ դեսպանության տեղափոխումը կնպաստի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ պարբերական շփումների ապահովմանը, կխթանի երկկողմ համագործակցության զարգացմանը և քաղաքական երկխոսության ակտիվացմանը։
Տեղափոխման հետ կապված տարեկան ծախսերը գնահատվում են 344.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով։ Առաջին տարվա համար, բացի ընթացիկ ծախսերից, կպահանջվի լրացուցիչ 62.8 հազար շվեյցարական ֆրանկին՝ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար։
Այս որոշումը պահանջում է 2026 թվականի պետական բյուջեով ԱԳՆ-ի 1128 ծրագրի համապատասխան միջոցառման ծախսերը ավելացնել 407.5 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով։
ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 1992 թվականի ապրիլի 30-ից, Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով։ Հայաստանը մեծապես կարևորում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում այդ հարաբերությունների հետևողական զարգացումը։