Ռուբեն Վարդանյանը բանտից հրապարակայնացրել է Ալբեր Կամյուի միտքը վերածննդի մասին

Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ով արդեն երրորդ տարին ադրբեջանական գերության մեջ է, հերթական ուղերձ է հղել Բաքվի բանտից։

Ինչպես հաղորդվում է սոցիալական ցանցերում Ռուբեն Վարդանյանի պաշտոնական էջերում, նա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է հրապարակել ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը։

«Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։ Բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»։

Այս հայտարարությունը հրապարակայնացվել է այն պահին, երբ Ռուբեն Վարդանյանը արդեն երրորդ տարին է, որ պատանդ է պահվում Ադրբեջանում։ Նա գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ ադրբեջանական ագրեսիայի և Արցախի անկումից անմիջապես հետո։ Գերեվարման պահին նա գտնվում էր Արցախի տարածքում՝ փորձելով օգնել բնակչությանը։