Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ-ի փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համագործակցության զարգացման հարցերը։ Ընդգծվել է, որ քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ կողմերը պատրաստ են մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու։
Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդման ուղիներին, ինչպես նաև ներդրումային ծրագրերի խթանման հնարավորություններին։ Նշվել է, որ երկու երկրների միջև ուղիղ չվերթերի աճող քանակն ու զբոսաշրջության ծավալների աճը կարող են նպաստել համագործակցության արդյունավետ իրականացմանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը և դրա շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։ Նա բարձր է գնահատել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի նախաձեռնությունը՝ որպես խաղաղության հաստատմանը նվիրված նախաձեռնություն։
Քննարկվել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև հումանիտար ոլորտի հարցերը։