Կարեն Ավանեսյանի գործով իրավիճակը՝ ՄԻԵԴ-ի որոշման անտեսմամբ

Իրավիճակը, որը դարձել է միջազգային իրավական հարցի կենտրոնում, շարունակում է մնալ անփոփոխ։ Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցին՝ Ադրբեջանի կառավարությունը մինչ օրս չի կատարել դատարանի պարտադիր որոշումը։

Այս իրադարձությունների շարքը սկսվեց 2025 թվականի սեպտեմբերի 14-ին, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Կարեն Ավանեսյանի ձերբակալության մասին՝ հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը։ Ըստ այդ աղբյուրների՝ նա ձերբակալվել է Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին մոտենալու փորձի ժամանակ, որից հետո, իբրև պատասխան, ստացել է հրազենային վնասվածք։

Հաշվի առնելով վերջինիս կյանքի և հիմնարար իրավունքների նկատմամբ անդառնալի վնասի իրական վտանգը՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ին փաստաբաններ Արա Ղազարյանը և Անաստասիա Մակարյանը դիմում են ներկայացրել ՄԻԵԴ՝ պահանջելով կիրառել հրատապ կանխարգելիչ միջոց։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին դատարանը հաղորդակցել է դիմումը Ադրբեջանի կառավարությանը՝ պարտավորեցնելով տրամադրել պահանջվող տեղեկատվությունը։

Հոկտեմբերի 20-ին ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է կանխարգելիչ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել կոնկրետ միջոցներ Կարեն Ավանեսյանի առողջության ապահովման ուղղությամբ, ներկայացնել այդ միջոցառումների վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ և ապահովել նրա անարգել կապը հարազատների և օրինական ներկայացուցիչների հետ։

Այնուամենայնիվ, նշված որոշումից ի վեր Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի որոշումը։ Կարեն Ավանեսյանը որևէ կերպ կապ չի հաստատել իր ներկայացուցիչների ու հարազատների հետ, իսկ նրա առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը արժանահավատություն չի ներշնչել։

Այս պայմաններում 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ՄԻԵԴ-ին ներկայացվել է Կարեն Ավանեսյանի գործով ամբողջական գանգատ, որի քննությունը ներկայումս շարունակվում է։ Չնայած այս ամենին՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման։ Դատապարտման վերաբերյալ որևէ տեղեկատվություն նրա ներկայացուցիչներին կամ ՄԻԵԴ-ին չի տրամադրվել, իսկ դատավարության ընթացքի, առաջադրված մեղադրանքների և իրավական հիմքերի վերաբերյալ տեղեկատվություն հասանելի է բացառապես ադրբեջանական մամուլում շրջանառվող սահմանափակ աղբյուրներից։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցը շարունակում է մնալ չկատարված Ադրբեջանի իշխանությունների կողմից։