Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը՝ անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները այն ընտրատեղամասերում, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) ամենաշատ ձայներն էր հավաքել, ուղղակի միջամտություն է ընտրական գործընթացներին, ինչը կասկածի տակ է դնում հերթական խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը։ Այս մասին հունիսի 12-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Ըստ ԲՀԿ ներկայացուցչի՝ սա հերթական փորձ է՝ բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտելու կուսակցության մուտքը խորհրդարան՝ թույլ չտալով հաղթահարել անցողիկ 4 տոկոսը։ «Այսինքն՝ սա ուղղակի ազդեցություն է ընտրական գործընթացների վրա, ինչը կասկածի տակ է դնում դրանց լեգիտիմությունը»,- նշեց Տոնոյանը։
Նա ընդգծեց, որ ԿԸՀ-ն նման քայլ է կատարել այն բանից հետո, երբ կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի գործընթաց էր նախաձեռնել։ Դրանից հետո, ինչպես նշում է Տոնոյանը, կուսակցությունը վերականգնել էր խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայների քանակը։
«Դրանից հետո՝ հունիսի 11-ի ուշ երեկոյան, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և հանձնաժողովի անդամները որոշեցին կյանքի կոչել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը։ Այն է՝ անել ամեն ինչ՝ թույլ չտալու համար ԲՀԿ-ին անցնել Հայաստանի Ազգային ժողով։ Սա ուղղակի հարված է ժողովրդավարությանը, լեգիտիմությանը և ընդունված նորմերին։ Սա քաղաքական հետապնդում է կոնկրետ ընդդիմադիր ուժի նկատմամբ»,- հայտարարեց ԲՀԿ մամուլի քարտուղարը։
Իվետա Տոնոյանը նաև հայտնել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ընդդիմության, իրավական և քաղաքացիական հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնել կուսակցությանը։ Նրա խոսքով՝ այս պահին կուսակցությունը մտադիր է քաղաքական խորհրդակցություններ անցկացնել ընդդիմադիր ուժերի հետ և հանդես գալ միասնական դիրքորոշմամբ՝ գնահատական տալով տեղի ունեցողին։ Բացի այդ, Տոնոյանը կոչ է արել միանալ ԿԸՀ շենքի մոտ իրենց բողոքի ակցիային։