Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) հրապարակել է հայտարարություն, որում կտրուկ դատապարտում է ՀՀ վարչապետի մարտի 27-ի որոշումը, որով Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս) նշանակվել է ներման հարցերի քննարկման հանձնաժողովի անդամ՝ որպես ՀԱԵ ներկայացուցիչ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան հայտարարության մեջ նշվում է, որ այս նշանակումը, կատարված առանց ՀԱԵ-ի համաձայնության, «անընդունելի է, ապօրինի և խախտում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը»։
Ըստ դիվանատան՝ պետական կամ որևէ այլ կառույցում ՀԱԵ ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայ Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ բարոյական տեսանկյունից»։
Հայտարարության հեղինակները այս քայլը համարում են «հերթական ոտնձգություն Հայ Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական լիազորությունների դեմ»։ Նրանք պահանջում են «վերոհիշյալ կեղծ տեղեկատվությունը հեռացնել պաշտոնական փաստաթղթից և ՀՀ վարչապետի որոշումից»։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հունվարի 10-ի տնօրինությամբ Սարոյանը ազատվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Հունվարի 27-ին նա կարգալույծ էր արվել՝ դատական կարգով վիճարկելու և տնօրինությանը չենթարկվելու համար։ Ավելի ուշ դատարանը պարտավորեցրել էր Սարոյանին վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։