Ինչպես հայտնի դարձավ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած ձայների 4 տոկոսը։ Իրականում, զարմանալի բան չէ, որ ոչ մի միջազգային կազմակերպություն այդ հարցում ծպտուն չհանեց։
Սա ռեժիմի կողմից իրականացվող ռեպրեսիաների նոր փուլի սկիզբն է։ Պետք չէ անակնկալի գալ։ Ռեժիմին և նրա արտաքին գործընկերներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է կառավարվող քաղաքական դաշտ, որը չի պարունակում ոչ «Արարատի խորհրդի» հիշատակությունը, ոչ «Ցեղասպանության» ճանաչումը, ոչ էլ «Անկախության հռչակագրի» բովանդակությունը։ Իսկ ընդդիմության հավաքած 500 հազարից ավելի ձայները հստակ խանգարում են այդ նպատակին։
Այսպիսով, ռեժիմը հստակ հետևում է իր և իր արտաքին գործընկերների նախանշած գծին՝ «Հայաստանն առանց պատմական կաղապարների»։
Ի՞նչ ենք անում մենք՝ ընդդիմությունը։ Փողոցային օրինական պայքարի գործիքից չենք օգտվում, կուտակված էներգիան ուղղում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը սպասելուն, և հետո զարմանում ենք, որ հերթով բոլորի հետևից գնում են։
Ես դատապարտել ու դատապարտում եմ ռեժիմի բոլոր ապօրինությունները։ Բայց միայն դատապարտելով հարց չի լուծվում։ Կյանքը ցույց տվեց, որ սխալ էին այն սպասելիքները, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա։
Բոլոր մտահոգ քաղաքացիներին, ովքեր կասեն՝ «Բա ինչո՞ւ դուք չեք նախաձեռնում», պատասխանեմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մենք չենք ու չենք էլ եղել այս վերջին շրջանում ընդդիմության առաջին ջութակը, և մենք ռեալ ենք գնահատում մեր հնարավորությունները։ Ավելին՝ ասել եմ և էլի կասեմ՝ որևէ ուժ միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել։ Իսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրարշավի ընթացքում և թե՛ ընտրություններից հետո հստակ հայտարարել է, որ պատրաստ է իր համեստ հնարավորություններով լինել նախաձեռնվող ընդդիմադիր հակաիշխանական պայքարի մեջ՝ առանց որևէ ամբիցիայի։